
Գրենլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 31 պատգամավորական մանդատի համար կպայքարեն վեց կուսակցությունների 231 ներկայացուցիչներ։ Քվեարկությանը կմասնակցի կղզու մոտ 40 հազար ընտրող։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ակնկալվում է, որ արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Դանիայի հետ Գրենլանդիայի ապագա հարաբերությունների համար, հատկապես Արկտիկայի նկատմամբ միջազգային հետաքրքրության աճի ֆոնին:
Ներկայում խորհրդարանի մեծամասնությունը՝ 31 մանդատներից 21-ը, վերահսկվում է «Ինուիտ Ատակվատիգիիտ» (Ժողովրդական համայնք) և «Սիումուտ» (Առաջ) կուսակցությունների կոալիցիայի կողմից: Նրանք երկուսն էլ հանդես են գալիս անկախության օգտին, սակայն «Ինուիտ Ատակվատիգիիտ»-ը չի շտապում հանրաքվե անցկացնել, մինչդեռ «Սիումուտ»-ը խոստանում է այն անցկացնել առաջիկա չորս տարվա ընթացքում։
Համաձայն վերջին հարցումների՝ կղզու բնակիչների ավելի քան 80%-ը կողմ է անկախության։ Գրենլանդացիները ցանկանում են անկախանալ Դանիայից, քանի որ դժգոհ են փաստացի գաղութ լինելուց, չնայած որ լայն ինքնավարության իրավունք ունեն:
Դանիան ներքին գործերի կառավարումը վաղուց հանձնել է Գրենլանդիային, սակայն շարունակում է վճարել անվճար կրթության և առողջապահության համար: Պաշտպանությունն ու արտաքին քաղաքականությունը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո։ Դանիան տարեկան գրեթե 600 միլիոն եվրո է հատկացնում կղզուն՝ դրանով իսկ փակելով Գրենլանդիայի գանձապետարանի ծախսերի զգալի մասը։
56 700 բնակչություն ունեցող Գրենլանդիան Դանիայի խորհրդարանում երկու ներկայացուցիչ ունի։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի դաշինքի պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը։ 1979 թվականից Գրենլանդիան ունի իր վարչապետը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում մի քանի անգամ նշել է, որ Գրենլանդիան պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Նա սպառնացել է բարձր առևտրային տուրքեր սահմանել Դանիայի վրա, եթե վերջինս չհրաժարվի կղզուց։ Թրամփը հրապարակայնորեն չէր բացառել նաև կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։
Թրամփին գրավում է կղզու պաշտպանական և տնտեսական նշանակությունը։ Գրենլանդիան Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա տանող ամենակարճ ճանապարհն է, նրա ափերն առատ են ձկներով, իսկ ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։
Նույնիսկ իր առաջին նախագահական ժամկետում էր Թրամփն առաջարկել գնել Գրենլանդիան։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը։