
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր գրենլանդացիներին չի վերաբերվել այն հարգանքով, որին նրանք արժանի են։ Այս մասին Danmarks radio-ի հարցազրույցում ասել է Գրենլանդիայի վարչապետ Մյութե Էգեդեն։«Այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, ինձ շատ է անհանգստացնում։ Համաշխարհային կարգը փլուզվում է բազմաթիվ ճակատներում, եւ Միացյալ Նահանգներն ունի նախագահ, որն իրեն այնքան անկանխատեսելի է պահում, որ ստիպում է մարդկանց իրենց անվստահ զգալ,- ասել է նա:- Մենք արժանի ենք, որ մեզ հարգանքով վերաբերվեն, եւ ես չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահն այդպես է վարվում վերջին ժամանակներս՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո»: Էգեդեի խոսքով՝ գրենլանդացիները երկարաժամկետ հեռանկարում չեն ցանկանում ավելի սերտ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ: «Կարծում եմ՝ Ամերիկայի նախագահի վերջին գործողությունները ստիպում են մարդկանց չցանկանալ մոտ լինել [ԱՄՆ-ին], ինչպես կցանկանային անցյալում։ Մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք այն երկրների ուղղությամբ, որոնք հարգում են մեր այն ապագան, որը ցանկանում ենք»,- ասել է նա՝ նկատի ունենալով Գրենլանդիայի անկախության ձգտումը: