Գրենլանդիայի վերահսկողության հարցում Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև վեճի պատճառով խափանվել են «բարգավաճման ծրագրի» համաձայնեցումն ու ստորագրումը: Դա Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման ծրագիրն է՝ 800 միլիարդ դոլարի ներգրավմամբ: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է բրիտանական The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով վեց աղբյուրի։
«Բարգավաճման ծրագրի» մասին նախատեսված էր հայտարարել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Այնտեղ էլ բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի ներկայացուցիչները ծրագրել էին համաձայնեցնել փաստաթուղթը, սակայն այդ միջոցառումները հետաձգվել են, գրում է FT-ը։
«Հիմա ոչ ոք տրամադրված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեծ տեսարան սարքել համաձայնագրի շուրջ»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը: Նրա խոսքով ՝ Գրենլանդիայի ու ամերիկյան առաջնորդի հայտարարած Խաղաղության խորհրդի շուրջ վեճերը ստվերել են Ուկրաինայում պատերազմի կարգավորման թեման:



