Գրենլանդիայի շուրջ ԱՄՆ-ի շրջանակային համաձայն...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված՝ Գրենլանդիայի շուրջ շրջանակային համաձայնության մանրամասները պետք է մշակվեն, ինչից հետո միայն դրանք կարող են հրապարակվել: Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Եթե այս գործարքը հաստատվի, իսկ նախագահ Թրամփը շատ հույս ունի, որ դա տեղի կունենա, Միացյալ Նահանգները կհասնի Գրենլանդիայի վերաբերյալ իր բոլոր ռազմավարական նպատակներին՝ շատ փոքր գնով ու ընդմիշտ»,- հայտարարել է նա։

Լևիթի համոզմամբ՝ նախագահ Թրամփը «ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքը գլխավոր գործարք կնքողն է»։ «Երբ մանրամասները վերջնականապես հաստատվեն բոլոր ներգրավված կողմերի կողմից, դրանք համապատասխանաբար կհրապարակվեն»,- նշել է նա։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման արդյունքներով ձևավորվել է Գրենլանդիայի ու, ըստ էության, ամբողջ Արկտիկական շրջանի հետ կապված ապագա գործարքի շրջանակը։

Թրամփը հայտնել է, որ իրենք եվրոպացի գործընկերների հետ կաշխատեն «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծման շուրջ։

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, անհրաժեշտության դեպքում մի շարք այլ անձինք ևս պատասխանատու կլինեն բանակցությունների համար ու անմիջապես հաշվետու կլինեն իրեն։