Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է մնա Դանիայի ինքնիշխանության ներքո։ Այս մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Գրենլանդիան տարածք է, որը գտնվում է Դանիայի ինքնիշխանության ներքո: Այն այդպես էլ կմնա», - ասել է նա։
Մակրոնը բացառել է այն սցենարը, «որի դեպքում Միացյալ Նահանգները կհայտնվի Դանիայի ինքնիշխանությունը խախտելու իրավիճակում»։
Հունվարի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի Արկտիկայի տարածաշրջանը մեծ առաջնահերթություն է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար։ Նրանք շեշտել էին, որ Դանիայի Թագավորությունը, այդ թվում՝ Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է։ Ղեկավարները կարևորել էին ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Արկտիկայում անվտանգության հավաքական պահպանումը՝ հետևելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, այդ թվում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության։
«Սրանք համընդհանուր սկզբունքներ են, և մենք չենք դադարի պաշտպանել դրանք…. Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Դանիան և Գրենլանդիան և միայն նրանք պետք է որոշեն Դանիայի և Գրենլանդիայի հետ կապված հարցերը», - նշված է հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս անդրադարձել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու թեմային։
Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիր։ Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել կղզին պաշտպանել հնարավոր ագրեսիայից։



