Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր կ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ իր երկրի կողմից Գրենլանդիայի վերահսկողությունը «կենսական նշանակություն ունի» իր ծրագրած «Ոսկե գմբեթ» օդային և հրթիռային պաշտպանական համակարգի համար։

«Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նպատակներով։ Այն կենսական նշանակություն ունի մեր կառուցվող «Ոսկե գմբեթի» համար։ ՆԱՏՕ-ն պետք է օգնի մեզ այն ստանալ։ Եթե մենք դա չանենք, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը, իսկ նման բան տեղի չի ունենալու»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ ռազմական առումով, առանց Միացյալ Նահանգների հսկայական ուժի, «որի մեծ մասը ես կառուցել եմ իմ առաջին ժամկետի ընթացքում և որն այժմ բարձրացնում եմ նոր, նույնիսկ ավելի բարձր մակարդակի, ՆԱՏՕ-ն չէր լինի արդյունավետ ուժ կամ զսպող միջոց՝ նույնիսկ մոտավոր»։

«Նրանք դա գիտեն, ես էլ։ ՆԱՏՕ-ն շատ ավելի հզոր և արդյունավետ է դառնում Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների ձեռքում։ Այն ամենը, ինչ դրանից փոքր է, անընդունելի է»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը։