Գրենլանդիան հույս ունի ԱՄՆ-ի հետ համաձայնությ...

Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտը փետրվարի 3-ին հույս է հայտնել, որ արկտիկական կղզին ընդհանուր հայտարարի կգա Միացյալ Նահանգների հետ, որը կհարգի իր կարմիր գծերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Մենք ձգտում ենք դիվանագիտական ​​լուծման բանակցությունների միջոցով։ Ես հուսով և լավատես եմ, որ մենք կգտնենք ընդհանուր լուծում, որը կհարգի մեր կարմիր գծերը», - ասել է Մոտցֆելդտը Նորվեգիայի Տրոմսոե քաղաքում Արկտիկայի վերաբերյալ կոնֆերանսում։

Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Նույնիսկ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարող է անցնել ԱՄՆ-ի վերահսկողության տակ։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացել է Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոցֆելդտի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Ռասմուսենը, Դանիային այս խորհրդակցությունների ընթացքում չէր հաջողվել Միացյալ Նահանգներին համոզել հրաժարվել Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու ձգտումից։ Հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել ստեղծել աշխատանքային խումբ, որը պարբերաբար կհանդիպի՝ ուսումնասիրելու կղզու ապագայի հարցի վերաբերյալ փոխըմբռնման հասնելու հնարավորությունը: Խումբն արդեն բանակցություններ է անցկացրել։

Միևնույն ժամանակ Թրամփը հունվարի 22-ին Դավոսի համաժողովի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Կողմերը հայտնել են Դանիայի կազմի մեջ մտնող կղզու շուրջ համաձայնության հասնելու մասին։ Թրամփը միևնույն ժամանակ հրաժարվել է Դանիային աջակցող եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու և Գրենլանդիան ուժով գրավելու սպառնալիքներից։