Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի...

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան անդրադարձել է Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերին:

«Արկտիկայի անվտանգությունը շարունակում է մնալ առանցքային առաջնահերթություն Եվրամիության համար, և մենք ձգտում ենք համագործակցել դաշնակիցների և գործընկերների հետ այս հարցում։ Տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են։ Այս սկզբունքները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Եվրամիության, այլև ամբողջ աշխարհի համար»,- X-ի իր էջում գրել է եվրոպացի պաշտոնյան։ Նա համերաշխություն է հայտնել Դանիային և Գրենլանդիայի ժողովրդին։

Նորվեգիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է, և Նորվեգիան ամուր աջակցություն է ցուցաբերում Դանիայի կառավարությանը։

«Ինքնիշխանության, սահմանների ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է և պետք է հարգվի բոլոր պետությունների կողմից՝ առանց բացառության»,- նշել է նախարարը:

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի խոսքով էլ՝ Տալինն ամուր աջակցում է Դանիային և Գրենլանդիային. պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է: