Անկարայի կողմից միջուկային սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է չտարածման ռեժիմի մասին՝ այն անվանելով միջուկային անվտանգության անկյունաքար։ Հայտնում է Ռիա Նովոստին։
«Գոյություն ունի չտարածման ռեժիմ, և, իհարկե, դա միջուկային անվտանգության անկյունաքարն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը, հայտարարել էր, որ Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին, եթե տարածաշրջանում որևէ մեկը ձեռք բերի միջուկային զենք։



