Գոյաբանական ճգնաժամի մեղավորը Նիկոլ Փաշինյանն...

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն արձանագրում է, որ ստեղծված գոյաբանական ճգնաժամի պատասխանատուն եւ գլխավոր մեղավորը ՔՊ վարչախումբն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն արդեն սպառել է ժողովրդի վստահության քվեն՝ բացահայտ շեղվել նախընտրական խոստումներից, որոնք ՔՊ կառավարության ծրագրի հիմքն են, ՀՀ սահմանադրության պահանջներից՝ վտանգելով հայության պետական ապագան։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը։

««Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման ընդլայնված նիստում հրատապ քննարկվեց Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկա վտանգավոր իրավիճակը, դրանք համաժողովրդական աջակցությամբ հաղթահարելու հնարավոր ուղիները։ Որոշվեց արցախահայերի հետ մասնակցել Հայաստանում կազմակերպվող բողոքի գործողություններին, ներկայացնել հետագա համատեղ քայլերի ծրագիր։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն արձանագրում է, որ ստեղծված գոյաբանական ճգնաժամի պատասխանատուն եւ գլխավոր մեղավորը ՔՊ վարչախումբն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն արդեն սպառել է ժողովրդի վստահության քվեն՝ բացահայտ շեղվել նախընտրական խոստումներից, որոնք ՔՊ կառավարության ծրագրի հիմքն են, ՀՀ սահմանադրության պահանջներից՝ վտանգելով հայության պետական ապագան։ Օրինախախտ, պետական եւ ազգային շահերը ոտնահարած վարչակազմի հրաժարականի պահանջը՝ միակ հնարավոր միջոցն է երկիրը, Արցախը ներառյալ, փրկել արհավիրքից։

Միաժամանակ Արցախի իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ այլակարծության եւ քաղաքական ընդդիմախոսների ճնշման փաշինյանական գործիքներից։ Ողջունում ենք Արցախի դատարանի վճիռը՝ չկալանավորելու անհասկանալի մեղադրանքներով ձերբակալված Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Կոչ ենք անում միաբան եւ համախումբ Հայաստանի ու Արցախի, սփյուռքի մեր հայրենակիցների ուժերով ցույց տալ Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը, որ մեր պայքարն օրինական է, իրավական եւ քաղաքական։ Չենք հանձնվելու եւ չենք ենթարկվելու ռասիստական ցեղասպան Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը եւ ուժի կիրառմանը։ 

Համակարգված, միասնական պայքարով կհասնենք մեր իղձերի իրականացմանը»,- ասվում է հայտարարությունում։