Գործողություններ արվելու են ու այդ գործողությ...

«Մենք կանենք հայտարարություն, թե ինչ քայլեի ենք պատրաստվում գնալ։ Իրականում հստակ անելիքները կան ու մենք այլևս չենք խոսելու, թե ինչքան մեծ ճգնաժամի մեջ ենք, ինչքան ծանր է մեր վիճակը, սա բոլորն էլ գիտեն, այսօր պիտի իմանանք՝ ով է ստանձնում պատասխանատվություն ու ինչ գործողություններ են արվելու»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Ժողովրդավարական համախմբում»  կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

«Գործողություններ արվելու են ու այդ գործողությունների սկիզբը անպայման այսօր դրվելու է։ Պետք է շեշտը դրվի այն հանգամանքի վրա, որ սա այլևս ներքաղաքական ճգնաժամ չէ, սա համազգային ճգնաժամ է, իսկ դրա ժամանակ երբեք չեն կարող պրոցեսների մեջ ներգրավված լինել ընդամենը մի քանի քաղաքական գործիչներ, այդպես չի լինում։ Որևէ մեկին չհավատաք, որոնք ձեզ կասեն, թե պրոցեսների համար ճանապարհային քարտեզներ ու ծրագրեր են պետք։ Չկա նման բան, նայեք ամբողջ աշխարհի հեղափոխությունների ճանապարհային քարտեզը ու կհասկանք։ Մեր հիմնական խնդիրն այս պահին իշխանափոխությունն է»,- հավելեց նա։