Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության որոշմամբ փոխանցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը:
Նախագծի նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման եւ հարգադրոշմման սարքավորումների փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը: Այս մասին հոկտեմբերի 23-ի ԱԺ հերթական նիստում ասել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` ներկայացնելով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող լրացումը:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը կնպաստի ԵԱՏՄ եւ երրորդ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակական ապահովմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը հարակից զեկույցում տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: