Գոռ Հովհաննիսյանը միտում է տեսնում իրեն չընտր...

ՍԴ  դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, ով ԱԺ կողմից այսօր ՍԴ անդամ չընտրվեց, լրագրողներին հայտնեց, որ միտում է տեսնում իրեն չընտրելու հարցում` հավելելով, որ անհիմն են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պնդումները, թե թեկնածուի գրանցման փաստաթղթերի հետ  կապված խառնաշփոթ է ստեղծվել.

«Ես չգիտեմ պատճառները, կարող եմ ասել, որ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, բոլոր նախապայմաններին բավարարում եմ: Եվ հենց պարոն Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ամենից շատն էր քննարկվում այդ հարցը՝ մասնագիտական փորձառության, հենց ինքը իր ձեռքով ընդմիջման ժամանակ հաշվեց ու ստացավ իր ուզած թիվը, այսինքն՝ 15 տարուց ավելի: Միևնույն է, դրանից հետո, երբ որ ինքը համոզվել է, որ ես բավարարում եմ այդ նախապայմանը, միևնույն է, հայտարարվեց, որ չեմ բավարարում: Ես դա չհասկացա ճիշտն ասած: Բոլոր դեպքերում ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմը, որը բարձրացվեց ու այդքան քննարկվեց, արհեստական էր»:

Հովհաննիսյանը նշեց, որ  կարդացել է մամուլում` ԱԺ մեծամասնության ՍԴ դատավորի այլ թեկնածու ունենալու մասին. «Ես գրեթե համոզված եմ, որ իրականում ոչ ոք կասկած չունի, որ ես բավարարում եմ այդ պաշտոնին: Մարդիկ խոսում էին այդ մասին, և իմ տպավորությամբ ոչ ոք չէր ուզում ստուգել փաստաթղթերը: Ես ասում եմ՝ փաստաթղթերը կան, խնդրում եմ, ստուգեք, բայց ոչ ոք չէր ուզում»:

 Քննարկումներին, թե Գոռ Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց պատգամավորների՝ Մարտի 1-ի մասին հարցերին, Հովհաննիսյանը ասաց. «Հստակ պատասխան ակնկալել մի հարցի վերաբերյալ, որը 10 տարուց ավելի այս պետության մեջ չի լուծվում և որը քննում են իրավապահ մարմինները, ինձ թվում է, այդքան էլ լուրջ չէ: Բացի դրանից, ես մի քանի անգամ շեշտեցի, որ ՍԴ դատավորը քաղաքականությամբ չի զբաղվում, և ՍԴ-ն քաղաքական մարմին չէ: Եվ ինձանից քաղաքական գնահատականներ պետք չէ ակնկալել»:

Ըստ Հովհաննիսյանի`պատրաստվում է մեկնել Հայաստանից, ընդամենը երկու շաբաթով էր եկել: