Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ առկա փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են լավ նախադրյալներ։

ԵՄ դեսպանն, իր հերթին, ընդգծել է, որ 2023 թվականը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով լավ տարի է եղել, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, և 2024 թվականն այդ առումով շատ կարևոր է լինելու:

«Մենք հանձնառությունն ենք ստանձնել երկուստեք ամրապնդելու համագործակցությունը, խորացնելու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով»,- ասել է Վասիլիս Մարագոսը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնականում ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ ԵՄ դեսպանն ընդգծել է, որ ավիացիոն ոլորտը, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում են։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ։