Գնալով ավելի շատ արցախցիներ են սկսել դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Ըստ գերատեսչության տվյալների, մայիսի 20-ի դրությամբ դիմել է 9451 մարդ, քաղաքացիություն է ստացել 8315-ը։ Խոսքը չափահաս քաղաքացիների մասին է, անչափահասները քաղաքացիություն են ստանում ինքնաբերաբար, եթե ծնողներից գոնե մեկը քաղաքացիություն է ստացել։ Այսպիսով, քաղաքացիություն է ստացել ավելի քան 2 հազար անչափահաս։
Փոխնախարարը նշել է, որ դիմողներն ավելի ու ավելի են շատանում։ Եթե տարեսկզբին օրական դիմում էր մոտ 20 մարդ, այժմ՝ 40-ից ավելի։ Նախարարությունում դա բացատրում են նրանով, որ մարդիկ սկսել են ավելի լավ հասկանալ քաղաքացիություն ստանալու անհրաժեշտությունը։ Սակայն թե որքան արցախցի է հեռացել երկրից, ՆԳ փոխնախարարը խնդրել է ճշտել ԱԱԾ-ից։