Գլխավոր դատախազը միջնորդեց Արթուր Սարգսյանին...

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը hուլիսի 8-ին Ազգային ժողովում ներկայացրեց միջնորդագիր՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու՝ կալանավորման համաձայնություն տալու մասին։

Վարդապետյանն ասաց, որ քրեական վարույթը գտնվում է նախնական փուլում, և դեռևս չեն հարցաքննվել այն անձինք, որոնք կարող են տեղեկություններ տալ ենթադրյալ հանցագործության պլանավորման և իրականացման մասին։

Դատախազը նշեց, որ Արթուր Սարգսյանը մտերիմ կապեր ունի այդ անձանց հետ և ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ազդեցություն գործադրել նրանց վրա, խոչընդոտել վարույթին կամ ոչնչացնել գործով կարևոր ապացույցներ։ 

«Արթուր Սարգսյանը նախկինում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այժմ էլ հանդիսանում է Ազգային ժողովի պատգամավոր, ինչը ողջամտորեն ենթադրում է, որ իր պատգամավորական մանդատով պայմանավորված՝ ունի կապեր ու լծակներ, ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության շրջանում։ Եվ այս հանգամանքը էականորեն բարձրացնում է նրա կողմից ապացուցման գործընթացին միջամտելու հնարավոր հավանականությունը»,– ընդգծեց գլխավոր դատախազը։

Վարդապետյանը նաև շեշտեց, որ Սարգսյանին վերագրվող արարքները պլանավորվել են մանրակրկիտ, դրանցում ներգրավված են բազմաթիվ անձինք, իսկ ինքն ունեցել է ակտիվ դերակատարում։ «Այս բոլոր հանգամանքներն առաջացնում են հիմքեր ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է շարունակել հանցավոր գործողությունները կամ փորձել խուսափել պատասխանատվությունից»,- եզրափակեց Վարդապետյանը։

Ավելի վաղ, Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ներկայացրել էր Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդագիրը։

Ըստ դատախազի՝ քրեական գործը վերաբերում է Վազգեն Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժմանը, որի շրջանակում Արթուր Սարգսյանը մի շարք այլ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։

Քրեական վարույթի շրջանակում նշվում է, որ 2024 թ. հուլիսից մինչև 2025 թ. մարտը կազմակերպված խումբը ձեռք է բերել պայթյունավտանգ միջոցներ, կազմավորել հարվածային խմբեր, հավաքագրել ավելի քան 2000 անձ, պատրաստել քարտեզներ, սարքեր և նյութեր՝ տրանսպորտային ու կենսական համակարգերը կաթվածահար անելու նպատակով։ Արթուր Սարգսյանը, ըստ գործի նյութերի, ընդգրկված է եղել այդ խմբի կազմում։

Վարույթի նյութերով հանցավոր մտադրության իրագործումը չի հաջողվել՝ ԱԱԾ-ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում։ Արդյունքում՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ (իշխանության յուրացում) և 43-419-րդ (ահաբեկչության նախապատրաստում) հոդվածների հատկանիշներով։