Հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության ընթացքում պատմական Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան իր ուրույն տեղն ու դերն է ունեցել։ Որոշ պատմական փուլերում, հատկապես համահայկական պետականության բացակայության շրջանում, Հայաստանի աոանձին նահանգներ, անգամ գավառներ ու լեռնային համայնքներ իրենց վրա են վերցրել գոնե երկրի մեկ հատվածում մեր ժողովրդի ինքնիշխան ապրելու այնքան անհրաժեշտ գործառույթը։ Ավելին. երբեմն այդօրինակ պետական կազմավորումներն իբրև ինքնատիպ հենասյուներ, լուրջ նախադրյալներ են ստեղծել համահայկական պետականության վերականգնման ու ամրապնդման համար։
Արևելյան Հայաստանում հայոց պետականությունը շարունակաբար պահպանած երկրամասերի մեջ, անտարակույս, առանձնանում են Արցախն ու Սյունիքր։ Պատահական չէ, որ 428 թ. Արշակունիների թագավորության անկումից և 5-րդ դարի ազատագրական ապստամբություններից անմիջապես հետո 485 թ. Արցախում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ կազմավորվել է հայկական ինքնուրույն թագավորություն, որի հիմքի վրա հետագայում ձևավորվել են պետական այլ կազմավորումներ Առանշահիկների, Դոփյանների, Հասան-Զալալյանների ջանքերով, ուշ միջնադարում Արցախ-Սյունիքի մելիքությունները դարձել են ազատագրական պայքարի կենտրոններ՝ ապահովելով հայոց պետականության անընդհատականությունը։
1918 թ. հայոց պետականության վերականգնումից հետո Արցախը նորաստեղծ Ադրբեջանի զավթողական նկրտումների դեմ ծավալած հերոսական պայքարի շնորհիվ կարողացել է պահպանել իր անկախությունը, իսկ 1920 թ. ապրիլին՝ դե յուրե միանալ Հայաստանի Հանրապետությանը:
1921 թ. Արցախն արհեստականորեն ստեղծված Ադրբեջանին ապօրինի բռնակցելուց հետո խորհրդային իշխանությունները հարկադրված են եղել վերապահել պետական կազմավորման՝ ինքնավար մարզի կարգավիճակ, ինչի արդյունքում տեղի հայությունը, ի տարբերություն Նախիջևանի Ինքնավար հանրապետության, կարողացել է անասելի դժվարությամբ պահպանել իր հարաբերական ինքնիշխանությունը։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, այդ փուլում իրավական ուժ ունեցող խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան, համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախությունը, որը պահպանվել է մինչ օրս՝ Հայաստանի և համայն հայության հերոսական ջանքերի շնորհիվ։
2020 թ. Թուրքիայի և մեծաքանակ օտարերկրյա վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ, միջազգային հանրության թողտվությամբ, Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի իշխանությունների առնվազն անհամարժեք գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը բռնազավթված է, իսկ պետականությունը՝ լրջագույնս վտանգված։ Այս իրավիճակում ակնհայտ է, որ ապագայում անհնարին է Հայաստանի Հանրապետության գոյատևումը՝ առանց նրա արևելյան հզոր դարպաս Արցախի, սին հույսեր փայփայելով, որ այդպիսի զիջողական քաղաքականությունը կպայմանավորի Հայաստանի փրկությունը։
Այս բախտորոշ ժամին հայ մտավորականությունն անսասան կանգնած է հայկական երկու պետականությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի կողքին, պատրաստ է իր ողջ ներուժն ի սպաս դնել ազգի միասնականության, հայրենիքի անվտանգության ու անկախության գործին, նպաստել նրա ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ վասն հայության իրատեսական ապագայի։
Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության ու ագրեսիվ հռետորաբանության պարագայում պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին չտարվել անհեռատես, խիստ վտանգավոր և ոչնչով չերաշխավորված պայմանավորվածություններով, կոչ ենք անում քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանը զորավիգ լինել արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը, գործադրել իրավական, քաղաքական և հասարակական առավելագույն ջանքերը, այդ թվում՝ միջազգային հարթակներում՝ պահպանելու Արցախի Հանրապետության անկախությունը։



