
Գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են, սակայն վերջին անգամ պաշտպանության նախարարության կողմից արձանագրված միջադեպից հետո նոր միջադեպ չի գրանցվել։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Կոնկրետ նպատակը դժվար է մեկնաբանել, որովհետև կարող են լինել տարբեր պատճառներ։ Բայց միանշանակ է, որ կրակոցները լինում են գիշերային ժամերին։ Ցերեկը որևէ նման դեպք չենք ունենում», – ասաց Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ լսվող կրակոցների ֆոնին մարդիկ ավելի շատ են հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի։
Նա նաև շեշտեց, որ տարածված տեղեկությունը, թե իբր մարդիկ ցանկանում են լքել գյուղերը, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանական զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար կրակում են Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Վերջին նման դեպքն արձանագրվել էր մայիսի 30-ին, երբ ադրբեջանական զինուժը կրակել էր Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տներից մեկի սանհանգույցը և խոցվել մեկ մանր եղջերավոր կենդանի։