Տարիներ առաջ, երբ հրապարակային որևէ մեկը խոսում էր ժամանակակից Արևմուտքի դավանած արժեքների մասին և դրա հիմքում ներկայացնում էր համասեռամլությունը կամ ոչ ավանդական սեռական կողմոնորաշումը, կարելի էր ժպիտով արձագանքել և կարծել, որ նման մտքի հեղինակը դավադրապաշտ է ու ատելությամբ է լցված դեպի Արևմուտք։ Ոմանք անգամ նման մարդուն կարող էին հռչակել Կրեմլի գործակալ։
Անցան տարիներ ու պարզվեց, որ Արևմուտքի վերաբերյալ նման ընկալում ունեցողները ոչ դավադրապաշտ էին, ոչ էլ Կրեմլի գործակալ։ Արևմուտքի համար իրականում գլխավոր սկզբունք է ոչ ավանդական սեռական կողմոնորոշումը։ Սա ապացուցեցին մեր հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
Վերջին ամիսներին բավական լայն քննարկվեց Վրաստանի իշխանությունների կողմից ընդունված երկու օրենք՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը և ԼԳԲՏ քարոզն արգելող օրենքը։
Առաջին դեպքում Վրաստանի իշխանություններն այլ պետությունների ֆինանսավորմամբ գործող կազմակերպություններին և անհատներին պարտադրում են գրանցվել՝ որպես օտար երկրների շահերը սպասարկող գործակալներ։ Սա արվում է նրա համար, որպեսզի այլ պետությունների շահերը ներկայացող կազմակերպություններն ու անհատները չներկայանան՝ որպես Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Այս օրինագծի ընդունումից հետո Արևմուտքից հասկացրեցին, որ Վրաստանը դժվարությունների առաջ է կանգնելու։ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է՝ Թբիլիսիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ըստ «Ազատության» «Էխո Կավկազա»-ի, հայտարարել էր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին՝ շեշտելով, որ ԵՄ առաջնորդներն այդ մասին հստակ հայտարարել են Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից հետո։
Հետաքրքիր է, որ Վրաստանում գործակալների մասին օրենքի ընդունման դեմ հանդես եկող ԱՄՆ-ում և ԵՄ-ում կան համանման օրենքներ։ Ընդ որում, այս օրենքն առաջին անգամ աշխարհում ընդունվել է ԱՄՆ-ում նախորդ դարի 30-ական թվականներին և գործում է մինչ օրս։
Գործակալների մասին օրենքի ընդունումից հետո հավաքական Արևմուտքը բողոքի մեծ ալիք բարձրացրեց Վրաստանում։ Արևմուտքն այնքան բաց էր խաղում, որ ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները մասնակցում էին վրացական ընդդիմության ցույցերին։ Նույն նպատակով մայիսի 15-ին Վրաստան ժամանեցին նաև ԵՄ որոշ երկրների ԱԳ նախարարները։
Վրաստանը ոչ միայն կարողացավ դիմադրել այս բողոքի ալիքին, այլև արեց հաջորդ քայլը և խորհրդարան բերվեց ԼԳԲՏ քարոզն արգելող օրինագիծը։ Օրինագիծը ներառում է միասեռ ամուսնությունների, սեռափոխության, միասեռական անձի կամ զույգի կողմից երեխայի որդեգրման, ԼԳԲՏ թեմաների հանրահռչական նպատակով հավաքների, ցույցերի անցկացման արգելք: Հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։
Այս օրինագծի ընդունումը դարձավ Արևմուտքի համար վերջակետ։ Սկզբում Արևմուտքը և մասնավորապես՝ ԵՄ-ն, փորձում էին ճնշումների միջոցով ստիպել Վրաստանի իշխանություններին չընդունել այն։ Վրաստանի իշխանություններն, ի պատասխան այդ ճնշումների, հայտարարում էին, որ իրենք դրանով որևէ մեկի դեմ չեն, պարզապես պաշտպանում են իրենց ավանդական արժեքները։ Օրենքի ընդունումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ես կոչ եմ անում Վրաստանին՝ չեղյալ համարել այս օրենքը, որն ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից»,-գրել էր Բորելը X սոցիալական ցանցում։
Իսկ ահա նախորդ շաբաթ՝ ըստ էության, Վրաստանում հոկտեմբերի 26-ին սպասվելիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, Եվրամիության երկրների ղեկավարները փակեցին կառույցի դուռը Վրաստանի առաջ։ Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել են ԵՄ-ին պետության անդամակցության գործընթացի փաստացի դադարեցման մասին։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նիստի ամփոփիչ փաստաթղթում։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Եվրոպական խորհուրդը հաստատում է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու վրաց ժողովրդին եվրոպական ճանապարհին։
«Միևնույն ժամանակ, նա վերահաստատում է իր լուրջ մտահոգությունը Վրաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ, որը հակասում է այն արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»,- ընդգծվում է փաստաթղթում։
Ահա այս երկու օրինագծերի ընդունումն ի ցույց դրեց ԵՄ-ի և հավաքական Արևմուտքի հիմնարար արժեքները, որի մասին նշվում է նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ընդունած փաստաթղթում։
Վրաստանը ժողովրդավարական երկիր է։ Այդ երկրում չկան քաղաքական բանտարկյալներ, ընտրություններ չեն կեղծվում, լրատվամիջոցները և բիզնեսն ազատ են, բայց ԵՄ-ն հայտարարում է, որ փակում է իր դռները Վրաստանի առաջ, քանի որ ԼԳԲՏ քարոզն արգելող և օտարերկրյա գործակալների մասին օրենք են ընդունել։ Իսկ ահա Ուկրաինան, որի նախագահը այս պահին ապօրինի է, որտեղ բիզնես վարելը հարյուրապատիկ ավելի դժվար է, քան Վրաստանում, որտեղ արգելվում է միլիոնավոր հետևորդներ ունեցող Ուղղափառ կանոնիկ եկեղեցին, որտեղ սահմանափակված է տասնյակ լրատվամիջոցների աշխատանքը, որտեղ գնդակահարվում են այլ քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիներ, ոչ մի խնդրի չի հանդիպում Արևմուտքի կողմից։
Կարճ ասած, համոզմունք է ձևավորվում, որ Արևմուտքի համար կարևոր են գեյերն ու իրենց գործակալները։ Մնացած հարցերում իրենք այդքան էլ հետևողական չեն։
Բորիս Մուրազի