Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Ֆրանսիայի Իզ...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունիսի 4-ին ընդունել է  Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերի փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, մշակույթի և միջազգային համագործակցության վարչության փոխտնօրեն Ժան-Լյուկ Գայարին, «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տնօրեն  Մարտին Շալինիեին և նույն կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև կնքված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի ընթացքը և արդյունքները, ինչպես նաև համագործակցության ընդլայնման, առաջիկա  անելիքների, նոր  ծրագրերի ներդրման հետ կապված հարցերը։ 

Հանդիպման ընթացքում Կարեն Սարգսյանը շեշտել է, որ Գեղարքունիքի և Իզերի մարզերի միջև ծավալված տևական  համագործակցությունն արդեն բավական դինամիկ զարգացում է ապրում՝ վերածվելով բարեկամական ու գործընկերային կայուն հարաբերությունների։

«Այն բոլոր ծրագրերը, որոնք մենք միասին նախանշել ու ընդունել  ենք, իրականացվել կամ իրականացվում են սահմանված ժամկետների մեջ՝ գրանցելով տեսանելի արդյունքներ»,-նշել է մարզպետը։

Պատրիկ Կուրտոն իր հերթին գոհունակություն է հայտնել Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքից և արդյունքներից՝ կարծիք հայտնելով, որ կողմերը կարող են ընդլայնել համագործակցության շրջանակները և ներդրվող ծրագրերի ծավալները, ավելի արդյունավետ աշխատանքներ իրականացնել  այլ ոլորտներում։ 

«Շատ ցանկալի է, որ համագործակցությունը ծավալվի համայնքների մակարդակով, և այդ ծրագրերում ընդգրկվեն Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքները, ու մենք այս ուղղությամբ աշխատելու ենք համատեղ և նույնպես հասնելու ենք ցանկալի արդյունքների»,-նշել է Պատրիկ Կուրտոն։

 «Աֆրատ» կազմակերպության ներկայացուցիչ Սևաստիան Ֆավիեն ներկայացրել է տուրիզմի ոլորտում իրականացված ծրագրերի ընթացքը և արդյունքները, նախատեսվող ծրագրերի ներդրման առաջնահերթությունները, որտեղ առաջնակարգ նշանակություն է ձեռք բերում քայլարշավային տուրիզմի զարգացումը։