Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպել է ԳԴՀ Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավար Ախիմ Վեհրմանի հետ։
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և այս ուղղությամբ Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները։
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների և ենթակառուցվածքների զարգացման միջոցով և ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի գրավչության բարձրացմանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը։
Երկուստեք ընդգծվել է, որ երկու ուղղություններով խմբային այցելությունները ակտիվացնելու համար կարևոր է խրախուսել համագործակցությունը համապատասխան զբոսաշրջային ընկերությունների և ասոցիացիաների միջև։ Այս համատեքստում կողմերը դիտարկել են մասնավոր հատվածի և ԶԼՄ ներկայացուցիչների փոխճանաչողական այցերի կազմակերպման հնարավորությունները։