Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել Բեռլինում նացիստների կողմից հետապնդվող «Եհովայի վկաներ» աղանդի անդամներին նվիրված հուշահամալիրի կառուցմանը, եւ երկրի մշակույթի նախարարը հույս է հայտնել, որ այսպիսով վերջ կդրվի նրանց՝ «մոռացված զոհեր» կարգավիճակին, հայտնում է Associated Press-ը։
Հինգշաբթի երեկոյան օրենսդիրներն աջակցել են առաջարկությանը, որը պաշտոնապես կոչ է անում կառավարությանը աջակցել մայրաքաղաքի կենտրոնական Թիրգարտեն այգում հուշահամալիրի կառուցմանը:
Այն կհաջորդի հրեաներին, գեյերին, սինտի գնչուներին նվիրված հուշահամալիրներին, որոնք արդեն կառուցվել են Բեռլինում վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Խորհրդարանը հաստատել է նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմում լեհ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման նախագիծը:
Հիմնադրամը, որը վերահսկում է գոյություն ունեցող հուշահամալիրները եւ պատասխանատու է լինելու նաեւ «Եհովայի վկաների» հուշահամալիրի համար, նշել է, որ «Եհովայի վկաների» առնվազն 1700 անդամներ մահացել են նացիստական կառավարման ժամանակ։