
Գերմանիայի ծովագնացության եւ ջրագրության դաշնային գերատեսչությունը հունվարի 15-ին թույլատրել է գերմանական ջրերում «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Նախկին թույլտվությամբ մինչեւ մայիսի վերջ աշխատանքներն արգելված էին, փոխանցում է DW-ն:
Միաժամանակ, ձգձգվում է Դանիայի ջրերում գազատարի կառուցումը: «Մենք ստացել ենք Դանիական էներգետիկ գործակալության հավանությունը ուրբաթ աշխատանքը սկսելու մասին: Սակայն դա չի նշանակում, որ մենք նույն օրն իսկ սկսում ենք խողովակների անցկացումը»,- հայտարարել է Nord Stream 2 AG նախագծի օպերատորի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է ստուգել տեխնիկական սարքավորումները:
Խողովակների անցկացման աշխատանքները դադարեցվել էին 2019 թվականի դեկտեմբերին եվրոպական կապալառուների դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Խողովակներ անցկացնող ռուսական «Ակադեմիկոս Չերսկի» նավը Նախոդկայից գերմանական Մուկրան նավահանգիստ էր ժամանել դեռեւս 2020-ի մայիսին, բայց Դանիայի իշխանություններն արգելել էին Բորնհոլմ կղզու շրջանում ցանկացած շինարարական աշխատանք՝ դա պատճառաբանելով ձողաձկան ձվադրմամբ: 2020 թվականի դեկտեմբերին աշխատանքները վերսկսվել էին, Ամանորից առաջ Գերմանիայի հատուկ տնտեսական գոտում խողովակներ էին անցկացվել 2,6 կմ երկարությամբ հատվածում: