Գերմանիան կասեցնում է այն զենքերի արտահանումն Իսրայել, որոնք կարող են օգտագործվել Գազայի հատվածում, հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցն՝ արձագանքելով Գազա քաղաքը գրավելու Իսրայելի ծրագրերին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մերցը նշել է, որ այս որոշումը փոխելու դեպքում լրացուցիչ ծանուցում կտրվի։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ «շատ բարդ է հասկանալ», թե ինչպես է Իսրայելի ռազմական պլանն օգնելու հասնել իր օրինական պահանջներին։
«Այս հանգամանքներում Գերմանիայի կառավարությունը չի արտոնի ռազմական սարքավորման որևէ արտահանում, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում», - նշել է նա։
Գերմանիան Իսրայելին զենքի ամենախոշոր մատակարարներից է։
Ըստ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2020-2024 թվականներին Իսրայելին զենքի ամենախոշոր մատակարարն է եղել ԱՄՆ-ն, որին հաջորդում է Գերմանիան։
Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։



