Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինայի համար P...

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ եվրոպական երկրները շարունակում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր փնտրել՝ Ուկրաինային փոխանցելու համար։

«Դրությունը չի փոխվել»,- ասել է նա լրագրողներին՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերով՝ չորեքշաբթի օրը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ կքննարկվի այն հարցը, թե «որտեղ, Եվրոպայի որ երկրներում և դրանից դուրս կան Patriot համակարգեր», և քանի համալիր են նրանք պատրաստ փոխանցել Կիևին։ Պիստորիուսը հիշեցրել է, որ Գերմանիայի հարևաններ Նորվեգիան, Շվեդիան և Նիդեռլանդները հայտարարել են այդ համակարգերի մատակարարումների ֆինանսավորմանը մասնակցելու պատրաստակամության մասին։ «Այսպիսով, այդ Patriot-ների համար գումար կա, հիմա անհրաժեշտ են Patriot-ներ», - ամփոփել է նա։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Կիևին այդ ՀՕՊ համակարգերը փոխանցելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից հստակ երաշխիք, առ այն, որ ամերիկացիները կլրացնեն Բունդեսվերի զինանոցները նոր Patriot համակարգերով։ Պիստորիուսի խոսքով՝ կարևոր է նաև այն, որ «այն երկրները, որոնք կհանձնեն համակարգերը՝ կարողանան շարունակել կատարել ՆԱՏՕ-ի շրջանակում իրենց պարտականությունները և կանխել դաշինքի անվտանգության ոլորտում բացի առաջացումը»։ Նախարարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ նոր համակարգերի մատակարարումը պետք է տեղի ունենա մի քանի ամսվա, այլ ոչ թե տարիների ընթացքում։