
Բեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հուլիսի 14-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից հետո։
Գերմանիան առաջարկել է գնել ամերիկյան Patriot համակարգերը, որպեսզի դրանք փոխանցի Ուկրաինային։ Պիստորիուսը Վաշինգտոնում հայտնել է, որ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային մակարդակով՝ որոշելու վերջնական մանրամասները, այդ թվում՝ կայանքների և հրթիռների թիվը, որոնք կարող են ներառվել համաձայնագրում։
Պիստորիուսը նշել է, որ համաձայնագրի հասնելուց հետո առաջին Patriot-ը կարող է Ուկրաինա ուղարկվել ամիսների ընթացքում։
Գերմանիան իր Patriot համակարգերից երեքն արդեն տվել է Կիևին՝ իր մոտ թողնելով ինը համակարգ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային մեծ քանակությամբ զենք մատակարարել, և դրա համար կվճարի Եվրոպան։