Գերմանիան առաջարկում է ՆԱՏՕ-ի «Արկտիկայի պահա...

Գերմանիան մտադիր է առաջարկել արկտիկական տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների «Արկտիկայի պահապան» համատեղ առաքելություն ստեղծել, որպեսզի վերջ դրվի Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։

«Կառավարության ծրագրերին ծանոթ երկու աղբյուրի խոսքով՝ Գերմանիան կառաջարկի ստեղծել ՆԱՏՕ-ի համատեղ առաքելություն՝ արկտիկական տարածաշրջանում անվտանգության շահերի մոնիթորինգի և պաշտպանության համար՝ փորձելով մեղմել լարվածությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Գրենլանդիայի բռնակցման սպառնալիքների պատճառով», - հաղորդում է գործակալությունը։

Ըստ աղբյուրների՝ պաշտոնական Բեռլինը կարծում է, որ ՆԱՏՕ-ի «Բալթյան պահապան» առաքելությունը, որը մեկ տարի առաջ սկսվել է Բալթիկ ծովի տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու նպատակով, կարող է օրինակ ծառայել «Արկտիկական պահապան» նոր առաքելության համար, որը կներառի Գրենլանդիան։

Հունվարի 11-ին Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը, որն այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու G7-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը, կոչ էր արել ԱՄՆ-ին հարգել Գրենլանդիայի ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը։

«Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ որոշումը բացառապես Դանիայի և Գրենլանդիայի գործն է», - ասել էր Լարս Քլինգբայլը՝ նշելով, որ միջազգային իրավունքի նորմերը գործում են բոլորի համար։