Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, այն կուղղվի մասնավոր հատվածին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
«Խոսքը Հայաստանին 12 մլն եվրո արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ տրամադրելու մասին է: Նախաձեռնությունը վերաբերում է մասնավոր հատվածին, տրվող գումարները հոսելու են մասնավոր հատված՝ ներդրումներ կատարելու վերականգնվող էներգետիկայի մի քանի ոլորտներում: Նրանք կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք կկառուցեն արևային կայաններ և ֆիզիկական անձինք, որոնք կկառուցեն փոքր ինքնավար կայաններ՝ իրենց կարիքները հոգալու համար»,-ասաց փոխնախարարը:
Գերմանիան վարկը տրամադրում է ոչ թե շուկայական, այլ արտոնյալ պայմաններով: Խոսքը 0.9 տոկոսային կետ ֆիքսված վարկային պարտավորության մասին է՝ մինչև 2030 թվական մարման ժամկետով:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գումարները բաշխվելու: Փոխնախարարը հայտնեց, որ «Գերմանահայկական հիմնադրամը», որը գործում է Կենտրոնական բանկի ներքո, կատարելու է տեղաբաշխման գործառույթը՝ կոմերցիոն բանկերի միջոցով: