Գերիների խնդիրը պետական մարմինների ուշադրությ...

Մեր պետական մարմինների ուշադրության կենտրոնում է գերիների խնդիրը, բայց մենք նաեւ գիտենք, որ այդ պրոբլեմը պետք է չլիներ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այսօր գերեվարման մեջ գտնվողն քաղաքացիները ռազմագերի չեն՝ ամենատարբեր իրավաբանական ձեւակերպումներ օգտագործելով, բայց դա ընդհանրապես մեկնաբանության հարց չէ, որովհետեւ եռակողմ  հայտարարության համապատասխան կետում խոսվում է ոչ միայն ռազմագերիների, այլեւ պատանդների եւ այլ պահվող անձանց մասին: Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանը շատ ուղիղ չի կատարում իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, եւ մենք ըստ էության, պետք է շարունակենք մեր ջանքերը եւ խորհրդարանական, եւ կառավարական հարթակներում,. Եւ ՀԿ-ների մակարդակով, որպեսզի միջազգային գործիքակազմն օգտագործենք այդ խնդիրը րոպե առաջ լուծելու համար:

Մենք մեր կողմից փորձում ենք գործադրել բոլոր ջանքերը, ադյ թվում գերեվարված եղբայրների ընտանիքների հոգսերը ինչ-որ ձեւով թեթեւացնելու համար: Բայց քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել»,-ասաց նա: