Ես չեմ կարծում, որ իրենց կյանքում դա որևէ բան փոխում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի ասում «Արցախից բռնի տեղահանված», այլ ասում է՝ «տեղափոխված հայրենակիցներ»։
Հարցին՝ չպե՞տք է միջազգային հանրությանն ասել, որ էթնիկ հայերը բռնի տեղահանվել են Արցախից, նա պատասխանեց. «Ցանկացած ոք կարող է իր իրավունքների համար քայլեր ձեռնարկել, մենք որևէ մեկի իրավունքները չենք սահմանափակում, բայց մենք կենտրոնացած ենք մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում ինտեգրելու, իրենց մշտական հայրենիքը դարձնելու գործընթացների վրա, ինչը հաջողությամբ անում ենք»։
Հարցին՝ արդյո՞ք Վենսի այցի ժամանակ Հայաստանի իշխանությունը չպետք է բարձրացնի Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը, Թորոսյանն ասաց. «Այդ հարցը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջնային օրակարգում և միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում, այդ թվում նաև ԱՄՆ գործող վարչակազմի, նախագահ Թրամպի հետ հանդիպումների ժամանակ։ Այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները անպայման պետք է տեղի ունենան տեսախցիկների առաջ, և դա որևէ կերպ բան կփոխի Բաքվում գտնվող մեր հայրենակիցների կյանքում։ Նաև վերջին շրջանում հենց վարվող քաղաքականությունն է թույլ տվել նրանցից ոմանց տեղափոխել Երևան և այդ գործընթացը շարունակվելու է։
Ես ինքս անձամբ բազմիցս իմ տարբեր կարգավիճակներում ներկա եմ եղել նման հանդիպումների, անձամբ լսել եմ և ինքս էլ բարձրացրել եմ այդ հարցը մեր բոլոր երկրների բոլոր գործընկերների առաջ»։



