Գենսերը կոչ է արել Թրամփին կատարել հրապարակայ...

Ռուբեն Վարդանյանի  միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել  նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը և ապահովել բոլոր հայ գերիների  ազատ արձակումը.

«Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է:

Հարգված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, մարդկանց, որոնցից մոտ 120,000-ը վտարվեցին Հայաստան՝ դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։

Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների պարզապես անտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։

Բացի այդ, դատակոչված  «վկաների» բառացիորեն բոլոր այսպես կոչված «ապացույցներն» ասեկոսեներ էին, հետևաբար՝ անօրինական էր դրանք ապացույց դիտարկելը: Յուրաքանչյուր վկա պնդում էր, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները տուժել են հայկական զինվորականների կամ զինված այլ խմբավորումների հարձակումներից, բայց Ռուբեն Վարդանյանին այդ ամենի հետ կապող «ապացույցն» Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից նրա մեղավորության մասին լսելն էր։ Դա ապացույց չէ։ Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները, ու նա պետք է անհապաղ և անվերապահ  ազատ արձակվի մյուս 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալների և ռազմագերիների հետ։

Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»։