
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրականացումը գտնվում է իր եզրափակիչ փուլում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատին Նյու Դելի այցի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք այժմ գտնվում ենք (Գազայի ծրագրի) առաջին փուլի իրականացման վերջին փուլում», - նշել է նա:
Եգիպտացի նախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը ներկայում կարգավորման «միակ հիմքն» է:
«Մենք պետք է աշխատենք այս ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար։ Հիմա գլխավոր խնդիրն այն է, որ երկու կողմերն էլ՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, բարի կամքով և անկեղծ մտադրություններով իրականացնեն Շարմ էլ Շեյխում ձեռք բերված համաձայնությունը», - ասել է Աբդ ալ-Ատին:
«Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր կողմ ունի իր պարտավորությունները. Իսրայելն ունի իր, ՀԱՄԱՍ-ն՝ իր պարտավորությունները», - հավելել է նա:
Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակմանը: Հանդիպման ընթացքում Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Թուրքիայի նախագահները և Կատարի էմիրը ստորագրել են պաղեստինյան անկլավում վերջնական հրադադարի մասին հռչակագիր: