
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 24-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի բանակի կրակի հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելական ուժերը թիրախավորել են պաղեստինցիների տները, տեղահանված անձանց համար նախատեսված վրանները և քաղաքացիական հավաքատեղիները։
Զոհերից 50-ը գրանցվել է Գազայի օգնության բաշխման կենտրոնների վրա Իսրայելի նոր ավիահարվածների հետևանքով։
«Ալ-Կասսամ» բրիգադի անդամները հունիսի 23-ի երեկոյան հայտարարել են Գազայի հատվածի հյուսիսում ուղիղ բախումների ժամանակ երեք իսրայելցի զինվորի սպանվելու մասին։
Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից զոհվել է 871 իսրայելցի սպա և զինվոր և վիրավորվել է, ընդհանուր առմամբ, 6000 սպա և զինվոր, այդ թվում՝ 2738-ը՝ Գազայի հատվածում ցամաքային մարտերում։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 998-ի, իսկ վիրավորներինը՝ 131 559-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։