Գազայում հումանիտար օգնության հերթերում մեկ օ...

Գազայի հատվածի հյուսիսային Զիկիմի շրջանում Իսրայելի զինվորականների բացած կրակի հետևանքով հուլիսի 30-ին հումանիտար օգնության սպասող առնվազն 58 պաղեստինցի է զոհվել, գրեթե 600-ը՝ վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հուլիսի 31-ին հաղորդել է Գազայի իշխանությունների մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Գազայի իշխանությունները հայտնել էին, որ պաղեստինցիները գրոհի են ենթարկվել, երբ փորձել են մարդասիրական օգնության բեռներ ստանալ Զիկիմի շրջանում։

«Հումանիտար օգնության սպասող մարդկանց շրջանում զոհերի թիվը…. միայն Զիկիմի շրջանում հուլիսի 30-ին հասել է 58-ի, տուժել է ևս 579 հոգի», - հայտնել են Գազայի իշխանությունները։

Բացի այդ, իշխանությունները նշել են, որ հուլիսի 30-ին պաղեստինյան անկլավ է մտել հումանիտար օգնությամբ 112 բեռնատար, որոնց մեծ մասը, ինչպես և նախորդ օրը, թալանվել է։ Գազայի հատվածի վարչակազմն Իսրայելին մեղադրել է մատակարարումների բաշխումը դիտավորյալ խափանելու փորձերի մեջ։ Իշխանությունների կարծիքով՝ Իսրայելը միտումնավոր և համակարգված կերպով քաոս է սերմանում բնակչության շրջանում հումանիտար օգնության բաշխման ժամանակ։

Հուլիսի 31-ի լուսաբացից ի վեր, ըստ Al Jazeera-ի, Գազայում իսրայելական հարվածներից առնվազն 34 մարդ է զոհվել։ Անկլավի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածի շրջափակման պայմաններում սովից և թերսնուցումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 154-ի, այդ թվում՝ 89 երեխա։

Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 60 000-ը։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել էր։ Պատանդների մի մասը դեռ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։