Գազայում առնվազն 11 մարդ է զոհվել իսրայելական...

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 11 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անկլավի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։

Ըստ պաղեստինյան WAFA գործակալության՝ 2025 թ․ հոկտեմբերի 11-ի հրադադարից ի վեր Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 603-ի, իսկ վիրավորներինը՝ 1618-ի։

Փետրվարի 10-ին Պաղեստինի իշխանությունները հայտարարել էին, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում Իսրայելի կողմից գրանցվել է հրադադարի ավելի քան 1600 խախտում։

Իսրայելն իր հերթին հրադադարի խախտումների համար մեղադրում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 72 063-ի, վիրավորվել է  171 726 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների աճյունները։