
Գազայի վրա Իսրայելի հարվածները սուր քննադատությունների են արժանացել արաբական երկրների և միջազգային հանրության կողմից, որոնք կոչ են արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները և փրկել հրադադարի համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Al-Arabiya-ն։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա մահացու ավիահարվածները՝ դրանք անվանելով հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի «կոպիտ խախտում»:
«Հարվածները վտանգավոր էսկալացիա են, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի կայունության համար»,- նշվել է Եգիպտոսի հայտարարության մեջ։
Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Գազայի վրա հավասարազոր են պաղեստինցիների դեմ ուղղված ցեղասպան քաղաքականության «նոր փուլին» և կոչ է արել միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ցուցաբերել՝ ապահովելու հրադադարի պահպանումը և մարդասիրական օգնության տրամադրումը:
Հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն ավելացրել է, որ անընդունելի է Իսրայելի կողմից տարածաշրջանում «բռնության նոր փուլ» առաջացնելը՝ հավելելով, որ Իսրայելի կառավարության «թշնամական մոտեցումը» սպառնում է Մերձավոր Արևելքի ապագային։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «ցնցված է» Գազայի հատվածի վրա Իսրայելի վերսկսած օդային հարվածներից։
ՄԱԿ-ի խոսնակ խոսքով՝ «Գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից... նա խստորեն կոչ է անում հարգել հրադադարը, վերականգնել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին անվերապահորեն ազատ արձակել»։
Իր հերթին Կրեմլը նախազգուշացրել է Գազայում «սրացման պարույրի» մասին:
«Իրավիճակի սրումը, էսկալացիայի հերթական պարույրը, սա է մեզ մտահոգում։ Իհարկել, հատկապես մտահոգիչ են խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի մասին տեղեկությունները», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Չինաստանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Գազայում «մարդասիրական աղետը» կանխելու համար։
«Չինաստանը խիստ անհանգստացած է Իսրայելի և Պաղեստինի միջև առկա իրավիճակով», - ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ կոչ անելով կողմերին «խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման և կանխել ավելի լայնածավալ հումանիտար աղետը»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) հանձնարարել են ՀԱՄԱՍ-ի դեմ «վճռական միջոցներ» ձեռնարկել Գազայի հատվածում: Ըստ իսրայելական կողմի՝ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆից և մյուս միջնորդներից: