Գազայի հատվածում հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը գործարկել է պաշտոնական կայքէջ (boardofpeace.org)՝ անգլերեն և արաբերեն տարբերակներով։ Կայքի գործարկման մասին X-ում հայտնել է հասարակայնության հետ գլոբալ կապերի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դիլան Ջոնսոնը։
Կայքում ներկայացված են Խորհրդի հիմնական հիմնադիր փաստաթղթերը, այդ թվում՝ Գազայի կարգավորման պլանը, տեղեկություններ դրա ղեկավար մարմինների և դրանց կազմի մասին։ Բացի այդ, հարթակն ունի առանձին նորությունների բաժին, որտեղ հրապարակումներ կլինեն Խորհրդի գործունեության վերաբերյալ։
Հունվարի 22-ին շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Խորհուրդն ի սկզբանե ստեղծվել էր Գազայի հատվածը հետպատերազմյան շրջանում կառավարելու և վերակառուցումը հսկելու նպատակով, սակայն հետագայում հայտարարվեց, որ այն նաև կզբաղվի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխմամբ և կարգավորմամբ:



