Գազայի հյուսիսի բնակիչները հունվարի 25-ից կսկ...

Գազայի հատվածի հյուսիսում բնակվող պաղեստինցիները, որոնք ստիպված են եղել հեռանալ այնտեղից Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, կսկսեն վերադառնալ իրենց տները անկլավում հրադադարի շուրջ համաձայնագրի գործողության յոթերորդ օրը՝ հունվարի 25-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հայտարարությունը։

«Հրադադարի շուրջ համաձայնագրի յոթերորդ օրը գերիների փոխանակման ավարտից հետո հարկադրաբար տեղահանված անձինք, որոնք գտնվում են Ար Ռաշիդ առանցքի շրջանում (խմբ.՝ ձգվում է ծովի ափի երկայնքով Գազայի հարավ-արևմուտքում), կկարողանան ոտքով և առանց զենքի վերադառնալ հյուսիսում իրենց տները, նրանք չեն ենթարկվի խուզարկությունների», - ասված է Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ։ 

Շարժումը հավելել է, որ Գազայի հյուսիս վերադառնալու համար նաև կարող են օգտագործվել փոխադրամիջոցներ, սակայն դրանք պետք է ստուգում անցնեն նախքան անկլավի հարավային շրջաններից դուրս գալը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպանությունում, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույն օրը գործարքի պայմաններով պետք է ազատ արձակի ևս չորս կին պատանդի. գործարքի պայմաններով՝ նրանց անունները իսրայելական կողմին կփոխանցվեն հունվարի 24-ին։ 

Հրադադարի համաձայնագրի գործողության 22-րդ օրը՝ փետրվարի 9-ին, Գազայի հատվածի հյուսիս ոտքով կկարողանան վերադառնալ այն տեղահանված անձինք, որոնք այս պահին գտնվում են անկլավի հարավ-արևելքում գտնվող Սալահ էդ Դին առանցքից ոչ հեռու։ Նրանք չեն ենթարկվի ստուգումների։