Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 400...

Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ վերսկսված իսրայելական օդային հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 419-ի, իսկ վիրավորներինը՝ գերազանցել է 500-ը։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Զոհերի թվում են ՀԱՄԱՍ-ի հինգ առաջնորդներ և պատասխանատուներ, այդ թվում՝ Գազայում ՆԳՆ փոխնախարարը և շարժման ներքին անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը:

Գազայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Իսրայելական ուժերի կողմից ՆԳՆ ղեկավարների և պաշտոնյաների թիրախավորումը չի խանգարի մեզ կատարել մեր պարտականությունը և ծառայել մեր ժողովրդին»:

Գազայի առողջապահության նախարարությունը կոչ է արել Գազայի հատվածի բոլոր քաղաքացիներին շտապ արյուն հանձնել՝ ընդգծելով բոլոր տեսակի բժշկական պարագաների խիստ պակասը:

Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) Նեթանյահուին լիովին պատասխանատու է համարել Գազայի վրա հարձակման հետևանքների համար:

Շարժումը միջնորդներին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Նեթանյահուին և իսրայելական ուժերին համաձայնագիրը խախտելու համար։

Նա նաև կոչ է արել Արաբական լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը օժանդակել ժողովրդին աջակցելու և Գազայի պաշարումը ճեղքելու հարցում:

ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է արել Արևմտյան ափի պաղեստինցի ժողովրդին մոբիլիզացվել և ոտքի կանգնել՝ ի պատասխան Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման։

Իր հերթին Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը նշել է, որ Իսրայելը կշարունակի ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա, մինչև Գազայում պահվող բոլոր պատանդներն ու մահացածները վերադարձվեն։

Իսրայելի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող լինել Գազայի ապագայի մաս։

The Wall Street Journal-ը մեջբերել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքերը.

«ՀԱՄԱՍ-ը կարող էր ազատ արձակել իսրայելցի պատանդներին, սակայն նախընտրեց հրաժարվել և պատերազմել»:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Գազայում Իսրայելի իրականացված հարձակումների նոր փուլը՝ մեղադրելով ԱՄՆ վարչակազմին Գազայում շարունակվող ցեղասպանության և էթնիկ զտումների մեջ:

Իռլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Բելգիան կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները։