
Իսրայելական ինտենսիվ հարվածները հուլիսի 2-ին հիմնականում ուղղվել են Գազա և Խան Յունիս քաղաքների վրա՝ պատճառ հանդիսանալով ավելի քան 43 զոհի, որոնցից 24-ը՝ Խան Յունիսում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Գազա քաղաքում զոհերի թվում է նաև ինդոնեզական հիվանդանոցի տնօրենը։
Պաղեստինյան WAFA գործակալության տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում հաստատվել է 142 զոհ և 487 վիրավոր։
Օգնության բաշխման կենտրոնների մոտ զոհվածների թիվը հասել է 640-ի, իսկ վիրավորներին՝ 4488-ի։
Բացի այդ, հազարավոր ընտանիքներ տեղահանվել են Գազայի հատվածի հյուսիսից։ Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելական ուժերը ձերբակալել են 14 պաղեստինցու։
Իսկ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են երկու միջադեպերի մասին, որոնց հետևանքով Գազայի հատվածում դիպուկահարի արձակած կրակոցից իսրայելցի զինվոր է զոհվել։ Բացի այդ, չորս զինվոր ծանր վիրավորվել են Գազայի հատվածում տանկի վրա նետված պայթուցիկ սարքից։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57 012-ի, իսկ վիրավորներինը՝ 134 592-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։