
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը ձախողվել է։ Այս մասին BBC-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի մի պաշտոնյա։
Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Դոհայում՝ երկու տարբեր շենքերում, և տևել են գրեթե 3,5 ժամ։ Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով կողմերը հաղորդագրություններ են փոխանակել, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել։
Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն հուլիսի 7-ին։ Միջնորդները նախատեսում են պատվիրակություններից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպում անցկացնել՝ փորձելու հաղթահարել խոչընդոտները և մոտեցնել կողմերի դիրքորոշումները։
Ըստ Reuters գործակալության, որը զրուցել է պաղեստինցի երկու պաշտոնյայի հետ, իսրայելական պատվիրակությունը բավարար իրավասություն չուներ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու համար։
Բանակցությունների այս նոր փուլը տեղի է ունենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն այցի նախաշեմին։ Նեթանյահուն կարծում է, որ իր հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կօգնի առաջընթաց գրանցել պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու հարցում։ Նա ասել է, որ իր բանակցողներին հստակ հրահանգներ է տվել Իսրայելի կողմից ընդունված պայմաններով հրադադարի համաձայնագրի հասնել։
ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ դրական է արձագանքել հրադադարի վերջին առաջարկին, սակայն ակնհայտ է, որ երկու կողմերի միջև դեռևս կան անհամաձայնություններ։ BBC-ն նշում է, որ ՀԱՄԱՍ-ն, ամենայն հավանականությամբ, դեռ պնդում է գրեթե նույն պայմանները, ինչ նախկինում, այդ թվում՝ ցանկացած հրադադարի ավարտից հետո բոլոր ռազմական գործողությունների դադարեցման երաշխիք և իսրայելական զորքերի դուրսբերում պաղեստինյան անկլավից։