
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում՝ մարդասիրական օգնության կենտրոնի մոտակայքում, իսրայելական ուժերի կողմից հունիսի 17-ին սպանվել է 45 քաղաքացի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական հարվածների հետևանքով հունիսի 16-ին զոհվել էր 51 պաղեստինցի, որոնցից 36-ը՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված մարդկանց թիրախավորման հետևանքով։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 27-ից ի վեր մարդասիրական օգնություն փնտրողների շրջանում զոհերի թիվը հասել է 338-ի, իսկ վիրավորներինը՝ 2831-ի:
«Իսլամական Ջիհադ» շարժման ռազմական թևի՝ «Ալ-Կուդս» բրիգադի անդամները հայտարարել են, որ թիրախավորել են Խան Յունիսից հյուսիս գտնվող տանը տեղակայված իսրայելական ուժերին, որի արդյունքում իսրայելցի զինվորականներ են զոհվել ու վիրավորվել։
Նրանք նաև հայտարարել են, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մանարայի շրջանում ոչնչացրել են իսրայելական ռազմական մեքենա։
Իր հերթին, Իսրայելի բանակը հաստատել է հունիսի 16-ի կեսօրին Գազայի հատվածի հարավում տեղի ունեցած պայթյունի և մարտերի ժամանակ մեկ սպայի մահվան և մի քանի զինվորների վիրավորման մասին լուրը:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 315-ի, իսկ վիրավորներինը՝ 128 741-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։