Գազայի հատվածն ԱՄՆ-ի վերահսկողության տակ առնե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածն ԱՄՆ-ի վերահսկողության տակ առնելու և պաղեստինցիներին տեղահանելու աղմկահարույց ծրագրի հեղինակը նրա հրեա փեսան է՝ Ջարեդ Քուշները, հայտնել է Times of Israel-ը:

Քուշները ներգրավված է եղել Թրամփի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանն ունեցած ելույթի տեքստի մշակմանը, ինչի մասին պատմել է խնդրին ծանոթ անանուն աղբյուրը՝ հավելելով, որ Նեթանյահուն նման ծրագիր ներկայացնելու խնդրանքով չի դիմել ԱՄՆ նախագահին:

Ընդ որում, ինչպես գրում է Times of Israel-ը, Քուշները Գազայի հետ կապված նման բան առաջարկել էր անցյալ տարի Հարվարդում ունեցած ելույթում:

«Գազայի ծովափնյա հատվածի սեփականությունը կարող է շատ արժեքավոր լինել, եթե մարդիկ կենտրոնանան ապրուստի միջոցների ստեղծման վրա: Այնտեղ մի փոքր դժբախտ իրավիճակ է, բայց կարծում եմ, որ Իսրայելի տեսանկյունից կարելի է անել ամեն ինչ, որպեսզի մարդկանց տեղափոխել այնտեղից, իսկ հետո մաքրել այն (տարածքը)», - ասել էր Քուշները:

Օրերս ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «կվերցնի» Գազայի հատվածը, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիներն այլևս մեծամասնություն չեն լինի:

«ԱՄՆ-ն կվերցնի Գազայի հատվածը, և մենք կաշխատենք դրա հետ», - ասել էր Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այն մերը կլինի և մենք պատասխանատու կլինենք տեղում բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զենքերի վնասազերծման համար, տարածքը մաքրելու և ավերված շենքերից ազատվելու համար... Մենք պատրաստվում ենք զարգացնել այն», - հավելել էր ԱՄՆ նախագահը:

Հարցին, թե արդյոք նա պատրաստ է ամերիկյան զորքեր ուղարկել Գազայում անվտանգության վակուումը լրացնելու համար, Թրամփն ասել էր.«Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Եթե ​​անհրաժեշտ լինի, մենք դա կանենք»:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ սա կարող է կայունություն ստեղծել Մերձավոր Արևելքում: Նա նշել էր, որ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան», որտեղ «աշխարհի մարդիկ» կարող են ապրել։

«Սա թեթև որոշում չէր։ Բոլորը, ում հետ խոսել եմ, հավանում են այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները լինի այդ հողակտորի սեփականատերը, հազարավոր աշխատատեղեր ստեղծելու գաղափարը հիանալի կլինի», - հավելել էր նա:

Թրամփը ենթադրել էր, որ ապագա Գազայում պաղեստինցիները մեծամասնություն չեն լինի:

«Ես չեմ կարծում, որ մարդիկ պետք է վերադառնան Գազա... Գազան նրանց համար շատ անհաջող վայր է եղել։ Նրանք ապրում են դժոխքի մեջ... Գազան մարդկանց ապրելու վայր չէ, և միակ պատճառը, որ նրանք ցանկանում են վերադառնալ, և ես դրան խորապես հավատում եմ, այն է, որ նրանք այլընտրանք չունեն», - նշել էր ԱՄՆ նախագահը:

Ինչպես նկատում է աղբյուրը, Նեթանյահուն այս ամենը լսել էր ժպիտը դեմքին: Նա Թրամփին նկարագրել էր որպես «Սպիտակ տանը Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ բարեկամը»: Իսրայելի առաջնորդն ասել էր, որ «մենք պետք է ավարտենք գործը Գազայում», և «Իսրայելը կավարտի պատերազմը հաղթանակով»: Նեթանյահուն գովաբանել էր Թրամփին «նոր գաղափարներով շրջանակից դուրս մտածելու» համար։