Գազայի առողջապահական համակարգը հասել է փլուզմ...

Գազայի հատվածի վրա իսրայելական շարունակական ռմբակոծության հետևանքով մայիսի 23-ի լուսաբացից ի վեր զոհվել է 28 պաղեստինցի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսկ մայիսի 22-ին պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 85-ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի շարունակական ինտենսիվ ռազմական գործողությունների պատճառով Գազայի առողջապահական համակարգը հասել է փլուզման եզրին։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներն ահազանգում են Գազայի հատված սննդամթերք մատակարարելու անհրաժեշտության մասին՝ կանխելու սովի սպառնալիքը: Կազմակերպությունը նշում է, որ «վերջերս սահմանափակ օգնության մուտքը բավարար չէ Գազայի հատվածում պաղեստինցիներին ողջ պահելու համար»։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հովանավորվող մի քանի հացաբուլկեղենի արտադրամասեր Գազայի հատվածի հարավային շրջաններում մայիսի 22-ին սահմանափակ քանակությամբ ալյուրի մուտքից հետո վերսկսել են իրենց գործունեությունը։

Պաղեստինյան WAFA գործակալության տեղեկացմամբ՝ մայիսի 22-ի երեկոյան Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել Գազայի հատվածի 10 բանտարկյալների։ Ազատ արձակվածները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղափոխվել են Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոց՝ երկարատև կալանքից հետո անհրաժեշտ բժշկական զննումներ անցնելու համար։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 762 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 122 197-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։