Գարեգին Բ-ն ընդունել է «Ռենովաբիս» բարեգործակ...

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին:

Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպմանը Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Հայր Թոմաս Շվարցին կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ, որոնք ուղղված են բռնի տեղահանված արցախահայերին, պատերազմից տուժած և կարիքավոր ընտանիքներին: Այս առիթով Նորին Սրբությունը կարևորեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա համագործակցությունը, որը ձևավորվել է դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Քույր Եկեղեցիների հետ Հայոց Եկեղեցու ունեցած ջերմ կապերին ու փոխհարաբերություններին՝ դրա վառ վկայություն նկատելով նաև նոյեմբերի 10-ին Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն՝ հանուն արցախահայերի իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման։

Իր հերթին Հայր Թոմաս Շվարցը պատրաստակամություն հայտնեց շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ՝ Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցելով կազմակերպության մարդասիրական առաքելության, ինչպես և տեղահնված ու կարիքավոր ընտանիքների համար իրականացվող զարգացման և սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ ուղղված աշխատանքի ապահովվման նպատակով մասնագիտական հմտությունների ուսուցմանը։