Գարեգին Բ-ն նորաօծ քահանաներին պատգամել է նպա...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը Հայր Հարությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։ Նարեկ Սրբազանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։

Այնուհետև քահանայական ձեռնադրության առիթով հոգևորականներին շնորհավորել է  Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները:

Վեհափառ Հայրապետը հորդորել է նորաօծ քահանա հայրերին լինել արժանավոր եկեղեցականներ, իրենց նվիրյալ ծառայությամբ բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը, զորացնել հայորդիների սրտերում աստվածսիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը։ Հայոց Հովվապետը ձեռնադրյալներին պատգամել է հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել ձեռնադրող Նարեկ Սրբազանին, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչությանն ու լուսարարապետությանը եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանա հայրերին՝ մաղթելով արդյունաշատ հոգևոր առաքելություն: