ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրավաբան Գագիկ Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ղազինյանը և նրա ընտանիքի անդամներից ևս 2-ը հրավիրվել են դատախազություն։
Տեղեկությունը հրապարակված է azdarar.am կայքում։
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Ղազինյանին առաջարկվում է ներկայանալ դատախազություն 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնել գերատեսչության հետ:
Նշենք, որ նույն վարույթի շրջանակներում դատախազություն են հրավիրվել նաև Գագիկ Ղազինյանի որդին՝ Դավիթ Գագիկի Ղազինյանը, և կինը` Կարինե Լիպարիտի Շահբազյանը։