
Ձեռքումս է 1,900 ու կես մետր նիշից ներքև 339 նման սեփականություն, որի մեջ օրինակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի աղջիկ է, նաև ՔՊ վարչության անդամ կա, իրենց կարելի՞ է: Այս մասին ԱԺ նիստին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագիրը քննարկելու ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
Երբ խնդրեցին հստակեցնել՝ ում նկատի ունի, Մանուկյանն ասաց՝ Գագիկ Մելքոնյանի դստերը և ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանին:
Ի պատասխան, Վարդապետյանն ասաց, որ պատգամավորի ներկայացրած թիվը 3 անգամ պակաս է, և իրականում նման 991 գույք կա Սևանի ափին:
«2022 թվականի սեպտեմբերից իմ հանձնարարությամբ խնդրով զբաղվում ենք: Միայն Սեյրան Օհանյանի գույքը չի: Այո՛, կան պաշտոնատար անձինք և պաշտոնավարող պաշտոնատար անձինք, ում հետ փոխկապակցված գույքեր կան և այդ գույքերը ուսումնասիրության առարկա են հանդիսանում։ Ուսումնասիրությունը գուցե փափուկ է հնչում, բայց դա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրությունից հետո դառնում է պատշաճ հաղորդում ու քրեական վարույթ։ Այսինքն, այս առումով մենք չունենք մի իրավիճակ, որ կախված անձից, թե ում է պատկանել բնության հատուկ պահպանվող տարածքը, եթե արդեն հասել է այն փուլին, որ պիտի վերադարձվի պետությանը, չվերադարձվի, կամ հասել է այն փուլին, որ պետք է քրեական հետապնդում հարուցվի, չհարուցվի»,- ասաց Վարդապետյանը:
Վարդապետյանը տեղեկացրեց, որ Սասուն Միքայելյանի տիրապետության ներքո գտնվող տարածքի մասով հաղորդումը դատախազություն տրվել է լրագրական հետաքննության արդյունքում:
«Շատ ցավալի է, որ ոչ նախկին պաշտոնատար անձինք, ովքեր տիրապետում են այդ տվյալներին, ոչ գործող պաշտոնատար անձինք, շատ հաճախ մեզ տեղեկատվություն չեն տալիս: Մենք իմանում ենք բաց աղբյուրներից կամ մեր ուսումնասիրությունների արդյունքում, մենք ուղիղ վերստուգիչ գործառույթներ չունենք: Բոլորը ուսումնասիրության առարկա են, գտնվում են մեր տեսադաշտում, եթե ինչ-որ բան բաց ենք թողել, շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ ուղարկեք»,- ասաց նա: