G7-ի ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան...

Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները քննարկել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը: Այս մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի նախագահ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 17-ին:

«Ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնությունն անարգել Գազա հասցնելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու և մշտական հիմունքներով անհապաղ կ​​​րակը դադարեցնելու կարևորությունը: Ղեկավարները նաև խոսել են  բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին, որը թույլ կտա հասնել կայուն խաղաղության», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարները քննարկել են Իսրայելի հակամարտությունները Գազայի հատվածում ​​​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման, ինչպես նաև Իրանի հետ: Կանադայի վարչապետը մեջբերումներ է արել G7-ի՝ հունիսի 16-ին հրապարակված  հայտարարությունից, որի համաձայն Իրանի շուրջ ճգնաժամի կարգավորումը պետք է հանգեցնի տարածաշրջանի լարվածության թուլացման:

Ի դեպ, Կանադայում անցկացվող գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի առարկությունների պատճառով Մեծ յոթնյակը չի համաձայնեցրել Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր հայտարարությունը: Դրա փոխարեն Քարնին, որպես գագաթնաժողովի նախագահ, հրապարակել է առանձին հայտարարություն, որտեղ նաև հիշատակել է Ուկրաինան, Մերձավոր Արևելքը և այլ խնդիրներ:    

Կանանասկիսում գագաթնաժողովից հետո Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը հրապարակել է G7-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ղեկավարների համաձայնեցրած և ստորագրած վեց համատեղ հայտարարություն: Դրանք վերաբերում են հազվագյուտ մետաղներին, արհեստական ​​բանականությանը, քվանտային հաշվումներին, անօրինական միգրացիային, անտառային հրդեհների դեմ պայքարին և անդրազգային ճնշումներին: