Ֆրանսիայի հարավ-արևմուտքում շուրջ 450 հազար տնային տնտեսություն առանց էլեկտրականության է մնացել տարածաշրջանում «Նիլս» փոթորկի մոլեգնելուց հետո: Այս մասին հաղորդում է Le Figaro թերթը։
Ֆրանսիական Enedis ընկերությունը, որը պատասխանատու է էլեկտրաէներգիայի բաշխման համար, հաղորդել է, որ մինչև փետրվարի 13-ի առավոտյան մասնագետներին հաջողվել է էլեկտրամատակարարումը վերականգնել նախորդ օրը անջատումներից տուժած 900 հազար բաժանորդներից մոտավորապես կեսի համար։
Ընկերությունում հավելել են, որ խնդիրը կարգավորելու համար գործի է դրվել 3000 մասնագետ։
Ամենից շատ տուժել են Նուվել Ակվիտանիա և Օքսիտանիա տարածաշրջանները։
Ֆրանսիական օդերևութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն՝ «Նիլս»-ը հասել է Կորսիկա և սկսել է աստիճանաբար մեղմանալ։ Լույս փետրվարի 13-ի գիշերը քամու պոռթկումների արագությունը ժամում հասել է 170 կիլոմետրի։
Միևնույն ժամանակ, Լոտ-է-Գարոն և Ժիրոնդ դեպարտամենտներում հեղեղաջրերի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Ֆրանսիական Ալպերի չորս դեպարտամենտում ձնահյուսի ռիսկի պատճառով գործում է վտանգավորության բարձր մակարդակ։



